31 հուլիսի 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում  ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:

Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին  արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։  Դիմումի կապակցությամբ  իրականացված ստուգման արդյունքները, ինչպես նաև վերը նշված օրենքով նախատեսված սահմանափակումների հանգամանքը զեկուցվել են ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ ժամանակահատվածում պաշտոնավարող տնօրենին, սակայն վերջինս ցուցում է տվել, այնուամենայնիվ, պատրաստել ՀՀ ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի մասին նախագիծ և ներկայացնել իրեն։ Արդյունքում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հրամանով 51 տարին լրացած և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձը Ծառայությունում նշանակվել է ավագ խմբի պաշտոնում՝ արդյունքում ստանալով նաև գնդապետի կոչում:

Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է ծագել բացատրություն ստանալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենից, ինչը հաշվի առնելով, վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հրավիրել է քննչական մարմին՝ հնարավորություն տալով գրավոր կերպով ներկայացնելու իր փաստարկումները:

Հարկ է նշել նաև, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։